Ստեփան Շահումյանի տուն-թանգարան
1934թ-ին Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու նպատակով Տեր-Գրիգորյաններին պատկանող տունը, որտեղ նա ապրել և աշխատել է, դարձավ Շահումյանի անվան տուն-թանգարան: 1968թ-ին տնակը շուրջ 150 տարվա պատմություն ուներ և կագնած էր փլուզման վտանգի տակ, ուստի սկսվեցին վերակառուցման աշխատանքները: Նորակառույց համալիրը շահագործման հանձնվեց 1978թ-ին:
1991թ-ին Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերածվեց Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն ՊՈԱԿ-ի՝ իր մեջ ներառելով Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը:
Թանգարանային հավաքածուի ընդհանուր թիվը կազմում է 1646 ցուցանմուշ: Հնագիտական հավաքածուն իր մեջ ներառում է տարածաշրջանի հուշարձաններից տարբեր տարիներին պեղված պալեոլիթյան, նեոլիթ – էնեոլիթյան, բրոնզեդարյան եվ վաղ երկաթի դարաշրջանների, միջնադարյան ժամանակաշրջանների առարկաներ: Հավաքածուում տեղ են գտել նաև գեղանկարներ, գծանկարներ, գրաֆիկական նկարներ, լուսանկարներ, խճանկար՝ Ստեփան Շահումյանի պատկերով, գրքեր, փաստաթղթեր, մեդալներ, հին և նոր ժամանակաշրջանների թղթադրամներ, երաժշտական գործիքներ, կենցաղային իրեր, քանդակներ, փայտագործական աշխատանքներ, հնագիտական առարկաներ, Ստեփան Շահումյանին ու Անաստաս Միկոյանին պատկանող անձնական իրեր, Ստեփանավանը ներկայացնող պաստառ-լուսանկարներ, մակետներ, կարպետներ, գոբելեն: Ֆոնդերում են պահվում նաև Պանամայի տարածքում ապրող հնդկացիական կունա ցեղի, ինչպես նաև պարսկական մշակույթը ներկայացնող տարբեր աշխատանքներ:
Կարելի է տեսնել նաև Ստեփան Շահումյանի հուշատունը՝ ժամանակաշրջանը ներկայացնող թանգարանային առարկաներով: Ցուցադրության առանձին հատված նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 409-րդ հրաձգային դիվիզիայի պատմությանը (դիվիզիայի անդամները հիմնականում ստեփանավանցիներ էին):
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 09:00 - 18:00
Շաբաթ, կիրակի - 10:00 - 18:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Հայերեն էքսկուրսիայի արժեքը 1500 դրամ է։
Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 2000 դրամ է:
Մուտքի տոմս - 1000 դրամ
Աշակերտական, ուսանողական տոմս - 750 դրամ
Թոշակառուի տոմս - 500 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։